Daily Archives: 13.02.2022

 Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878 թվական

Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878: Նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին:Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում:Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում:Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արմ. Հայաստանում:

1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը):Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արմ. Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց:

Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից», «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: 

Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում: